Հետդաջվածքային խնամքի ալգորիթմը
Օր 1-4
Մասնագետը կարող է տեղադրել Suprasorb F դաջվածքի նույն օրը կամ հաջորդ օրը ըստ իր նախընտրության։ Եթե տեղադրվում է հաջորդ օրը, առաջին օրը դաջվածքը մշակվում է քսուքով (Օրինակ՝ Դ-պանտենոլ կամ նմանատիպ), փաթաթվում է մանկական տակդիրով։ Այս տեխնիկան կիրառելի է այն դեպքում, երբ մասնագետը նկատում է էքսուդատի մեծ քանակություն։ Սակայն սովորաբար Suprasorb F-ը փակցում են դաջվածքի օրը։
- Պահել Suprasorb F վիրակապը դաջվածքի վրա մինչև 5 օր (միջինում 3 օր)։ Suprasorb F-ը շնչող ճկուն պոլիուրեթանային թափանցիկ թաղանթ է, որը ծառայում է որպես երկրորդ մաշկ։ Այն նպաստավոր միջավայր է ստեղծում վերքի (դաջվածքի) լավացման համար (վիրակապի հատկությունների և կիրառության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով)։ Այն ջրաանթափանց է, անթափանց է նաև բակտերիաների համար։
- Suprasorb F կիրառելու դեպքում հավելյալ այլ թաղանթ կիրառելու անհրաժեշտություն չկա։
- Խուսափեք վիրակապի երկարատև թրջումից, կարճատև լոգանքը թույլատրելի է։
- Թաղանթի տակ գտնվող դաջվածքը երկրորդ օրից սկսած կարող է լղոզված և կեղտոտ տեսք ունենալ, դա մաշկի արտազատուկն է (Сукровица), որը նորմալ է, անհանգստանալու կարիք չկա։ Մաշկի արտազատուկը՝ թանաքը, արյան, ավիշի հետ միախառնված, ամբողջովին կվերանա թաղանթը հանելու օրը։
- Մինչև վիրակապի հեռացնելը կրեք ազատ հագուստ վնասումից խուսափելու նպատակով։
- Եթե ընթացքում ունեք քոր, կամ ալերգիկ ցանավորում, որը անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել հակաալերգիկ որևէ հաբ (cetirizine, levocetirizine, loratadine, desloratadine), բժշկի կամ մեզ հետ խորհրդակցելուց հետո (+374 99 58 19 49 )։
Օր 5-րդ
- Վիրակապը հեռացնելու ժամանակն է։
- Տաք ջրի ներքո, կամ ձգելով թաղանթը ճիշտ ուղղությամբ՝ հեռացրեք այն։
- Հեռացնելուց հետո լվացեք դաջվածքը գոլ ջրով և օճառով։
- Օգտագործեք հիպոալերգիկ օճառ, օրինակ մանկական պինդ օճառ։
- Խուսափեք ջրի անմիջական շփումից թարմ դաջվածքի հետ։ Ձեռքով տարածեք ջուրը դաջվածքի մակերեսին։
- Թողեք մաշկը չորանա ինքնուրույն, ցանկալի է չօգտագործել կտորից սրբիչներ։ Օգտագործեք թղթյա խոհանոցային անձեռոցիկներ լիարժեք չորացնելու համար։ Որից հետո սպասեք 15 րոպե։
- Դաջվածքի վրա խնամքով տարածեք հետդաջվածային խոնավեցնող որևէ կրեմ, լասյոն, քսուք, յուղ, ցանկալի է բնական ծագման (կոկոսի յուղ, կակաոյի յուղ և այլն)։ Գործընթացն անհրաժեշտ է կրկնել օրական 3-4 անգամ 7 օր շարունակ։
- Այդ 7 օրերի ընթացքում խուսափեք լողավազաններից, սաունաներից, բաղնիքներից, սալյարիներից, շատ տաքից, շատ սառից, մեխանիկական վնասումից, քորելուց։
- Թույլ կարմրությունը, թեթև բորբոքումը հնարավոր և թույլատրելի են այս դեպքում։
- Խորհրադակցեք բժշկի հետ, եթե ունեք ստորև նշված ախտանիշներից որևէ մեկը․
Արտահայտված դրենաժ (հեղուկի արտազատում դաջվածքից),
Արտահայտված արյունահոսություն,
Արտահայտված ցավի զգացողություն,
Արտահայտված այտուց,
Նկատելի ցավոտ մաշկ,
Մարմնի բաձր ջերմաստիճան՝ 37,5 և ավել
Առաջին շաբաթ
- Լվացեք ձեր դաջվածքը նվազագույնը օրական մեկ անգամ, եթե փոշու կամ կեղտի հետ շփումը մեծ է, լվացեք ավելի հաճախ։
- Դաջվածքի մակերեսին հայտնվելու է քերուկ (թեփոտելու նման), որը մահացած բջիջների շերտ է և լավացման գործընթացի հերթական փուլերից է։
- Լվացեք ձեր ձեռքերը դաջվածքին կպչելուց առաջ։
- Պարբերաբար օգտագործեք խոնավեցնող կրեմներ դաջվածքի մակերեսը խոնավ պահելու համար։
- Արևի ճառագայթների և ջրի հետ երկարատև շփումը կարող են վնաս հասցնել դաջվածքին, ուստի արևի տակ հայտնվելու դեպքում փակեք դաջվածքը հագուստով (պահպանեք այս կանոնը առնվազն 4 շաբաթ)։
- Առաջին շաբաթվա ընթացքում մեղմ արտահայտված կարմրությունը և այտուցը հնարավոր է և նորմալ երևույթ է։
Երկրորդ շաբաթ
- Դաջվածքի մակերեսին հայտնվելու է արտաքին պլոկվող շերտ։ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ պոկել մաշկը, կամ քորել այն։ Ուղղակի պահեք այն խոնավ և շարունակեք խնամել։ Մաշկը պոկելու դեպքում դուք կարող եք վնասել մաշկը և նկարը։
- Առանձնահատուկ ուշադիր եղեք այս շաբաթ դաջվածքը լվանալիս, քանի որ այն հեշտությամբ կարող է քերվել։
- Ավելացրեք հավելյալ խոնավացնող կրեմներ, եթե քորը չի անցնում։
- Շարունակեք պաշտպանվել արևի անմիջական ճառագայթներից և ջրի հետ կոնտակտից։
- Խուսափեք դաջվածքի մակերսը սափրելուց։ Սափրելը թույլատրելի է այն դեքպում, երբ մաշկը վերականգնել է իր նախնական վիճակը։
Երրորդ շաբաթ
- Շարունակել խոնավացման գործընթացը կրեմների միջոցով։
- Լվացեք ձեռքերը դաջվածքին ձեռք տալուց առաջ։
- Շարունակեք պաշտպանվել արևի և ջրի հետ անմիջական շփումից։
Չորրորդ շաբաթ
- Դաջվածքը լավանալուց հետո կարող եք դուրս հանել արևի տակ, սակայն կիրառեք արևապաշտպան կրեմներ։
- Շարունակեք կիրառել խոնավեցնող կրեմներ ըստ անհրաժեշտության։